Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանը չի հետեւել եւ չի հետաքրքրվել «Բանդայի» գործով դատավարությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աղվան Գրիգորյանը:

Նա նշեց, որ իր տնից շատ բան չէին գողացել, ինչպես մտել, այնպես էլ դուրս են եկել, բայց գողոնից էլ ոչինչ չի ստացել: Արդարա՞ցի էր արդյոք «Բանդայի» ամբաստանյալներին մինչեւ 15 տարի ազատազրկելը, Աղվան Գրիգորյանն ասաց հետեւյալը. «Ես ինչ իմանամ, ոչ հետաքրքրվել եմ, ոչ էլ շփում ունեմ, իրենց հարցրեք, ես ինչ իմանամ՝ ով է ճիշտ»:

Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն դեկտեմբերի 26-ին, «Բանդայի» գործով ամբաստանյալներին դատապարտեց մինչեւ 15 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը,  Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը եւ Սամվել Դավթյանը մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Ամբաստանյալները պնդում են, որ իրենք մեղավոր չեն, գործը բարդել են իրենց վրա։