Բաքվում «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակի կնքելը տրամաբանական շարունակությունն է մի շարք միջազգային կազմակերպությունների գրասենյակների փակման: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը: Նա նշեց, որ Ադրբեջանը, ըստ երեւույթին, որոշել է բավարարվել իր նավթադոլարներով եւ որեւէ կապ, համենայն դեպս, հումանիտար, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման առումով չի ուզում կապ ունենալ արտաքին աշխարհի հետ:
Նա նշեց, որ միջազգային կոնֆերանսներին առիթ է ունեցել հանդիպելու Ադրբեջանում գործող «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցներին, ովքեր ներկայացրել էին իրավիճակը: «Առանց այդ էլ նրանք շատ բարդ իրավիճակում էին աշխատում Ադբրեջանում, վերջերս նաեւ «Ազատության« թղթակիցը քրեական պատասխանատվության ենթարկվեց քրեական օրենսգրքի հոդվածով, մինչդեռ բոլորս գիտենք որ դա պրոֆեսիոնալ գործունեության համար է»,-ասաց Աշոտ Մելիքյանը:
ԽԱՊԿ-ի ղեկավարն ասաց, որ ԱՄՆ-ն, բացի խոսքի ազատությունից, այլ շահեր էլ ունի Ադրբեջանում: Աշոտ Մելիքյանի խոսքով՝ հնարավոր է այս միջադեպը որոշ առումով վատթարացնի ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները, բայց դժվար որոշիչ դեր խաղա, «նավթային հետաքրքրությունները ավելի բարձր կդասվեն, քան խոսքի ազատությունը»:
«Հայտարարություններ կլինեն, դեպարտամենտը կդատապարտի այդ գործողությունները, զեկույցներում շատ ավելի կոշտ գնահատակներ կտրվեն խոսքի ազատության վիճակին, բայց չեմ կարծում, որ խոսքը հասնի պատժամիջոցի, քաղաքական շահերը իրենց գործը անում են Ադրբեջանի հետ հարաբերություններում»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության աշխատակիցներն խուզարկել են «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակը, որից հյետո ոստիկանները կնքել են այն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռադիոկայանի գրասենյակից առգրավվել են փաստաթղթեր եւ սարքավորումներ՝ սերվերային համակարգիչը, նոութբուքներ, ֆոտոխցիկներ, տեսախցիկներ, հիշողության չիպեր:
Բացի այդ, կոտրվել է չհրկիզվող պահարանը եւ վերցվել են փաստաթղթեր, կնքիներ ու բլանկներ: Այսպիսով, ռադիոկայանի գործունեությունը նախկին ռեժիմով անհնար է իրականացնել, սակայն գրասենյակի ղեկավարությունը մտադիր չէ դադարեցնել հեռարձակումը եւ կգործի Պրահայի գրասենյակի շտաբ-բնակարանից:




























