Մշակույթի նախարարությունը 2014թ-ին պատրաստվել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին այսօր` դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` մեկնաբանելով, թե նախարարությունն անցնող տարվա ընթացքում ինչ ծրագրեր է իրականացրել:
«Մշակութային քաղաքականությունն ունի երկու ճյուղ` պատմամշակութային ժառանգության պահպանություն եւ ժամանակակից արվեստի զարգացում: Կարեւոր է նաեւ միջազգային մշակութային դաշտում տեղադրվելը, հաստատվելը: Այս տարին կարելի է համարել օրենսդրական կարգավորումների տարին»,- ասաց նախարարը:
Հասմիկ Պողոսյանի խոսքով` գրադարանների մասին օրենքի հետ կապված խնդիրներ այլեւս չկան, սակայն թանգարանային ոլորտը մինչեւ օրս օրենք չունի: Նախարարը հայտնեց, որ թանգարանների մասին օրենքն արդեն մշակվել է եւ հավանության արժանացել կառավարության կողմից, գալիք տարի այն կլինի արդեն Ազգային ժողովում:
«Մշակութային ժառանգության տեղեկատվական շտեմարաններ են ստեղծվել, արդիականացվում է գորգի վիրտուալ շտեմարանը»,- ավելացրեց նա:
Անցնող տարում նախարարությունը կարեւորել է նաեւ մշակութային կրթությունը, մասնավորապես երեք ուղղություններով` հատուկ աշխատանք շնորհալի երեխաների համար, ազգային երգ ու պարի դասավանդման ծրագրի ներդրում հանրակրթական դպրոցներում եւ սահմանային համայնքների երեխաների կրթական եւ գիտաճանաչողական ծրագրերի իրականացում:



























