ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, դատավոր Արշակ Խաչատրյանի նախագահությամբ սկսվեց Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործի վերաքննիչ բողոքի քննությունը, ամբաստանյալները պահանջում են բեկանել Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի հոկտեմբերի 17-ի որոշումը եւ անմեղ ճանաչել իրենց։
Դահլիճում հավաքված քաղաքացիները դատապարտյալներին դիմավորեցին ծափերով եւ «հերոս, հերոս» վանկարկումներով։
Մի քանի դատապարտյալների պաշտպաններ դատարան չեն ներկայացել, դատապարտյալները դատարանին խնդրեցին շարունակել նիստն առանց նրանց։
Տիգրան Պետրոսյանի եւ Արմեն Հովհաննիսյան պաշտպան Արա Զաքարյանը տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով չի ներկայանա դատական նիստին, նա խնդրել է նիստը հետաձգել, բայց ամբաստանյալները հայտարարեցին, որ այսօր իրենք կարող ենք պաշտպանվել ինքնուրույն։
Դատապարտյալ Լիպարիտ Պետրոսյանի համար որպես պաշտպան ներգրավվեց փաստաբան Հովհաննես Քոչարյանը։
Նշենք, որ ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ գործի քննությունը պետք է սկսվեր ժամը 14:00-ին, սակայն սկսվեց 13:00-ին։ Դատապարտյալներից Արման Հովհաննիսյանի կնոջ՝ Շողեր Հակոբյանի խոսքով՝ նիստի ժամը սխալ է գրված, որպեսզի շատ մարդիկ չկարողանան ներկա գտնվել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 5-ի գործով ամբաստանյալներին դատապարտեց 1-7 տարվա ազատազրկման, Միսակ Առաքելյանի նկատամամբ տուգանք նշանակեց:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Շանթ Հարությունյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, նրա անչափահաս որդուն՝ 15-ամյա Շահեն Հարությունյանին նույն հոդվածով մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ։ Նրանց մեղադրում էին 2014թ. նոյեմբերի 5-ին Երեւանում անկարգություններ հրահրելու մեջ:
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու։




























