Ռուսաստանը մտադիր չէ խառնվել Աբխազիայի ներքաղաքական գործերին: Երեկ հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, Աբխազիայի ընդդիմադիր առաջնորդների հետ հանդիպման ժամանակ: «Ես գիտեմ, որ հանրապետությունը պատրաստվում է նախագահական ընտրությունների: Գիտեք, Ռուսաստանը աջակցելով Աբխազիայի ժողովրդին՝ ինքնիշխանություն ձեռք բերելու հարցում, միաժամանակ երբեք իրեն թույլ չի տվել խառնվել ներքաղաքական գործերին»,- ասել է նա ու հավելել. «Մենք միշտ ելնում ենք նրանից, որ մեր հարաբերությունները կառուցում ենք գործող իշխանության հետ, քանի որ հենց նրանք են պատասխանատու հանրապետությունում տեղի ունեցողի համար»:
Պուտինը ընդգծել է, որ ռուս-աբխազական հարաբերությունները կարեւոր են ոչ միայն Աբխազիայի անկախության եւ ինքնիշխանության համար, այլ նաեւ աբխազ ազգի պահպանման համար: Նա հավելել է նաեւ, որ Աբխազիայի ընդդիմադիրների հետ հանդիպելու որոշումը կայացվել է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշի հետ միասին:



















