Չեմ կարծում, թե փաստաբանը համարձակվեր թմրամիջոց անցկացներ ՔԿՀ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
Նա նշեց, որ ճիշտ է թմրանյութը հայտնաբերել են նրա մոտ առկա հեռախոսի մեջ, դա փաստ է, բայց հնարավոր է, որ նա չի էլ իմացել, թե ինչ է տանում:
«Այո, ՔԿՀ-ում հեռախոս չի կարելի փոխանցել, բայց բոլորի մոտ էլ կա, փոխանցում են, հնարավոր է տվել են իրան, որ փոխանցի, ինքն էլ չի իմացել, որ մեջը թմրանյութ կա: Չեմ կարծում, որ փաստաբանը համարձակվի թմրամիջոց անցկացնել»,-ասաց Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում ստացվել են նյութեր` փաստաբանի պայուսակի մեջ գտնվող բջջային հեռախոսների լիցքավորիչների մեջ հայտնաբերված կասկածելի զանգվածների վերաբերյալ: Ստացված նյութերի համաձայն` 2014 թվականի դեկտեմբերի 23-ին` ժամը 17:45-ին, «Արթիկ» ՔԿՀ-ում աշխատակիցների կողմից զննության է ենթարկվել նույն քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ա.Պողոսյանին տեսակցության գնացած փաստաբանի ձեռքի պայուսակը, որի մեջ առկա 4 հատ բջջային հեռախոսի լիցքավորիչների զննությամբ երեքի միջից հայտնաբերվել են կասկածելի զանգվածներով փաթեթներ: Նույն օրը` ժամը 21-ի սահմաններում, նույն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից վարչական մասնաշենքի կանանց զուգարանից հայտնաբերվել է բջջային հեռախոսի ևս մեկ լիցքավորիչ, որի զննությամբ նույնպես հայտնաբերվել է կասկածելի զանգվածներով 3 հատ փաթեթ: Փաստի առթիվ Արթիկի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Բացատրություն է տվել փաստաբանը, ով հայտարարել է, որ լիցքավորիչներն իրեն տվել է անծանոթ մի տղամարդ` կալանավորին փոխանցելու համար: Փաստաբանը ձերբակալված է:




























