Վանաձորում 2013թ.-ի հոկտեմբերի 12-ին դանակահարության պատճառով մահացած 15-ամյա Դավիթ Հովակիմյանի գործով դատավարությունը դեկտեմբերի 27-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործով ամբաստանյալ Կարեն Կունգուրցեւի փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Նա հայտնեց, որ նիստը հետաձգվել է իր հիվանդության պատճառով:
«Հիվանդ պառկած եմ, չկարողացա գնալ, դրա համար միջնորդեցի, որ նիստը հետաձգվի»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ դեկտեմբերի 27-ին հարցաքննվելու էր գործով վերջին 4-րդ վկան: Հիշեցնենք, որ գործով վկաները մահացած Դավիթ Հովակիմյանի թիմակիցներն են, անչափահասներ: Մյուս երեք վկաները դատարանում հայտարարել են, որ Կարենին դեպքի վայրում չեն տեսել:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Կունգուրցեւը հոկտեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաններում կենցաղային հողի վրա վիճաբանել է եւ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է Դավիթ Հովակիմյանի կրծքավանդակի ձախ կեսի շրջանում`վերջինիս պատճառել մարմնական վնասվածքներ, սակայն վերջինիս ընկերների կողմից օգնության հասնելուց հետո Կարենը դիմել է փախուստի: Դեպքից անմիջապես հետո Դ. Հովակիմյանը տեղափոխվել է «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ, որտեղ ժամը 21:35-ին մահացել է: Կարենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նշենք, որ Դավիթը Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար:




























