Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանի ձերբակալումը ավելի շատ հարցեր է առաջացրել, քան պատասխաններ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:

«Այդ ի՞նչ գործ է սնանկացման վերաբերյալ եւ ի՞նչ արժե այդ որոշումը, որի պարագայում 20 հազար դոլարը կունենա իմաստ: Իմ տեղեկություններով՝ կա որոշակի պրովոկացիա, կարծես թե անմիջականորեն ինքը չի վերցրել գումարը կամ տեղյակ չի եղել, որ ծրար կա, մի խոսքով՝ ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ»,-ասաց Արթուր Սաքունցը:

Նա նշեց, որ կոռումպացված դատական համակարգ ունենալու պարագայում շատ տարօրինակ է այս ձերբակալությունը, սա եզակի դեպք է, ինչը կասկած է հարուցում: Իրավապաշտպանի խոսքով՝ դատարաններում լուրջ խնդիրներ կան, երբ օրենքի կոպիտ խախտմամբ որոշումներ են ընդունվում, հրահանգ են կատարում:

«Ի՞նչ է միայն Խաչատուր Խաչատրյանն է կոռումպացված եւ իրապես ի՞նքն է ամենակոռումպացվածը: Հիմք կա ենթադրելու, որ կոռումպացված համակարգում պատժում են նրանց, ովքեր կոռուպցիայի մեջ ավելի քիչ են ընդգրկված, ընտրողաբար քրեական գործեր են հարուցվում»,-ասաց  Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ Խաչատուր Խաչատուրյանի հետ դատական գործերով չեն առնչվել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խ. Խաչատրյանը: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.օրի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանն այսօր ՀՀ դատական օրենսգրքի 168-րդ հոդվածով նախատեսված կարգով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խ. Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել  Արդարադատության խորհուրդ: