NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում լրագրող Այզեկ Արնսդորֆի՝ «Bloomberg»-ում հրապարակված հոդվածը:
Նավթի գների անկումը 2014 թվականին շրջեց աշխարհաքաղաքական շախմատի տախտակը: 2015 թվականին հարկ է հետեւել, թե ով կկարողանա ուշքի գալ եւ վերահսկել խաղը. ՕՊԵԿ-ը, Վլադիմիր Պուտինը, թե՞ ԱՄՆ-ի թերթաքար հորատողները: 2015 թվականին նավթային շուկայի առումով հինգ հարցեր անհանգստության տեղիք են տալիս:
Արդյո՞ք ՕՊԵԿ-ի անդամները միասին կմնան: Շուկայի շուրջ 40 տոկոսը վերահսկող խումբը քայքայման նշաններ է ցուցադրում: «Bloomberg»-ի հավաքած տվյալների համաձայն, գները ցածր են այն մակարդակից, որի կարիքն ունեն ՕՊԵԿ-ի բոլոր անդամները՝ բացի Քուվեյթից եւ Քաթարց, որպեսզի հավասարակշռեն իրենց բյուջեները: Սակայն Սաուդյան Արաբիան՝ խմբի խոշորագույն անդամը, դեմ է հանդես գալիս արտադրությունը կրճատելու առաջարկությանը եւ շարունակում է վիճարկել դրա անհրաժեշտությունը:
Կտուժի՞, արդյոք, թերթաքարային բումը: Թրեյդերներն ու վերլուծաբանները նավթի գների անկումը թույլ տալու Սաուդյան Արաբիայի որոշումը գնահատում են որպես մարտահրավեր ԱՄՆ-ի թերթաքարային արտադրողների համար, որոնց արդյունաբերությունն ավելի թանկարժեք է: Համաժողովների ընթացքում ղեկավարներն ասում են, որ նավթ արդյունահանող առնվազն շուրջ 10 ընկերություններ կրճատել են ծախսերը: Էներգետիկ ընկերությունների կորուստներն ամենամեծն են ամերիկյան բաժնետոմսերի եւ արժեթղթերի շրջանում, ընդ որում, որոշ ներդրողներ մտահոգություն են հայտնում, որ վնասները կարող են ընդլայնվել:
Կվերականգնվի՞, արդյոք, գլոբալ պահանջարկը: Եվրոպայում եւ Ասիայում տնտեսական աճի թույլ տեմպերի պատճառով անկում ապրող պահանջարկը նավթը դուրս մղեց «արջային» շուկա: «Citigroup»-ի եւ «Goldman Sachs Group»-ի համաձայն, գների անկումը կարող է օգնել խթանել շուկան: Միջազգային էներգետիկ գործակալությունն ակնկալում է, որ նավթի սպառումը 2015 թվականին աճելու է օրական 900.000 բարելով:
ԱՄՆ-ն թույլ կտա՞ ավելի արտահանել: Գների անկումը թեժ քննարկումներ է առաջացնում ամերիկյան չմաքրված նավթի մեծ մասի արտահանման 40-ամյա արգելքի շուրջ: Արտադրողները ցանկանում են մուտք ունենալ դեպի ավելի բարձր արտասահմանյան գներ, մինչդեռ վերամշակողներն ուզում են պահպանել ծախսերում իրենց առավելությունը:
Արդյո՞ք քաղաքական անկայունությունը կխախտի մատակարարումները: Ուկրաինայում բռնության տարածման եւ Բաղդադի համար «Իսլամական պետության» սպառնալիքների պատճառով վերլուծաբանները հունիսին գուշակում էին, թե դեռ որքան կբարձրանա միջազգային բազային գինը՝ 114 դոլար՝ մեկ բարելի դիմաց: Հարկ է նկատել, որ նրանք շտկել են իրենց կանխատեսումները: Հիմա հարցն այն է, թե 60 դոլար գինը որքան լարվածություն կառաջացնի արդեն անկայուն երկրներում:
Վենեսուելան, վախենալով գնաճից եւ կապիտալի արտահոսքից, բախվում է փոխառությունների աճող ծախսերի հետ, իսկ ներդրողները գնահատում են դեֆոլտի ռիսկը: Եթե Իրանը համաձայնի սահանափակել իր միջուկային ծրագիրը՝ փոխարենն ազատվելով միջազգային պատժամիջոցներից, ապա, նավթային նախարարության պաշտոնյայի խոսքով, Պարսից ծոցի այդ երկիրը կձգտի գրեթե երկու անգամ ավելացնել արդյունահանումը՝ օրական հասցնելով 4.8 մլն բարելի:
Իսկ Ռուսաստանում ամերիկյան եւ եվրոպական պատժամիջոցների ազդեցությունը՝ կապված Ղրիմի բռնակցման հետ, ինչպես նաեւ այդ երկրի խոշորագույն արտահանվող ապրանքի ընկնող գինը հանգեցրին ռեցեսիայի, արժութային ճգնաժամի եւ հսկայական գնաճի: «Աշխարհաքաղաքական ռիսկը, անկասկած, նավթի ցածր գների թերություններից մեկն է»,- ասել է Սենթ Լուիսի «Edward D. Jones & Co.» էներգետիկ վերլուծաբան Բրայան Յանգբերգը:




























