Ռուսաստանի ՊՆ-ն նախատեսում է հաջորդ տարի Մոսկվայում կազմակերպել «Եվրատեսիլ» մրցույթի իր տարբերակը՝ զինվորական ստեղծագործական կոլեկտիվների շրջանում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՊՆ մշակույթի վարչության պետ Անտոն Գուբանկովը:
«Մենք հրաշալի նախագիծ ունենք, եւ մենք կսկսենք այն իրականացնել հաջորդ տարի: Դա «Եվրատեսիլ» մրցույթի մեր տարբերակն է՝ բանակային սպեցիֆիկայով: Այսինքն մենք ուզում ենք այստեղ՝ Մոսկվայի հարթակում միավորել տարբեր երկրների առաջատար համույթներին»,-ասել է նա:
Գուբանկովը նշել է, որ դրանք կլինեն հենց զինվորական կոլեկտիվներ: «Չնայած միջազգային բարդություններին, ստեղծագործական կոլեկտիվները կգան: Մրցույթը հաջողություն եւ հեռանկար կունենա: Նախնական բանակցությունները մեզ բերեցին համոզման, որ դա ոչ միայն հնարավոր է, այլեւ՝ անհրաժեշտ»,-ասել է Գուբանկովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում:




























