Ադրբեջանը շարունակում է խեղաթյուրել հակամարտության էությունը, փորձում է ցուցաբերել ընտրովի, խեղաթյուրված մոտեցում այն փաստաթղթի նկատմամբ, որի հիման վրա պետք է կարգավորվի հակամարտությունը, խեղաթյուրում է նույնիսկ այն, ինչ գտնվում է բանակցային սեղանին: Այս մասին հայտարարել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը «Նովոստի-Արմենիա»-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ այն, ինչի մասին խոսվում է բանակցային սեղանի շուրջ, եւ այն, ինչ հայտարարում են Բաքվում, միանգամայն տարբեր բաներ են. «Ադրբեջանը շարունակում է ժողովուրդների միջեւ թշնամանք սերմանելուն ուղղված իր ապակառուցողական քաղաքականությունը, իր ռազմատենչ հռետորաբանությունը»:
Անդրադառնալով բանակցային գործընթացին, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Սոչիում, Նյուպորտում և Փարիզում կայացած հանդիպումների արդյունքներին, ԱԳ փոխնախարարը նշել է, որ ադրբեջանական կողմը խեղաթյուրում է բոլոր բանակցությունների էությունը: «Այսօր Բաքուն շեշտը դնում է խաղաղ համաձայնագրին շտապ անցնելու անհրաժեշտությանը: Իհարկե, դա համընդհանուր ցանկություն է: Դա ոչ միայն համանախագահների կողմից հնչեցված ցանկությունն է, այլեւ հայկական կողմերի ցանկությունն է: Բայց Բաքուն, կարծես, մոռանում է, որ խաղաղ համաձայնագրի անցնելու համար անհրաժեշտ է համաձայնեցնել սկզբունքները, որոնց վրա էլ այն պետք է հիմնվի, իսկ սկզբունքներն ինքը յուրովի է հասկանում:
Նույնիսկ Մադրիդյան սկզբունքների այն մասից, որը հրապարակվել էր, իսկ դա վեց բաղադրիչներն էին, Բաքուն, ըստ էության, շեշտը դնում է միայն երկուսի վրա` տարածքների վերադարձ, որոնք գտնվում են ԼՂՀ հսկողության տակ, եւ միայն ադրբեջանական փախստականների վերադարձ` կարծես թե մոռանալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն տարածքների մասին, որոնք Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով գտնվում են նրա օկուպացիայի տակ: Բացի այդ, կարգավորման բաղադրիչներից մեկով հստակորեն ամրագրված է բոլոր, այլ ոչ միայն ադրբեջանական փախստականների իրավունքը` վերադառնալու իրենց բնակության նախկին վայրեր: Հասկանալի է, որ նման մոտեցման պարագայում հանդիպումները, նույնիսկ ամենաբարձր մակարդակով, չեն հանգեցնի իրական արդյունքների»,-ասել է նա:
Շավարշ Քոչարյանը նշել է, որ խաղաղության համաձայնագրով պետք է լուծվեն բոլոր այն հարցերը, որոնք նշված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում. դա Մադրիդյան փաստաթղթի այն հատվածն է, որը հրապարակվել է:
«Խոսքը եւ՛ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, եւ՛ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի, եւ՛ փախստականների` իրենց բնակության վայրեր վերադառնալու իրավունքի, եւ՛ բոլոր հաղորդակցությունների բացման հետ կապված հարցերի մասին է: Դրանք նաեւ այն հարցերն են, որոնք վերաբերում են անվտանգության միջոցառումներին` ներառյալ խաղաղապահ ուժերը, եւ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակին: Պետք է հստակորեն համաձայնեցվեն հանրաքվեի ժամկետները, դրանց մանրամասները` այն հիմքի վրա, որ Ղարաբաղի ժողովրդի որոշումը հանդիսանում է իրավաբանորեն պարտադիր բոլոր կողմերի, այդ թվում` Ադրբեջանի համար: Բոլոր այս հարցերի շուրջ անհրաժեշտ են համաձայնություններ, չէ՞ որ այստեղ գործում է «համաձայնեցված չէ ոչինչ, քանի դեռ համաձայնեցված չէ ամեն ինչ» սկզբունքը:
Երկրորդ, բոլոր այս տարրերը կազմում են մեկ ամբողջություն, եւ չի կարելի այնտեղից փորձել կորզել այն, ինչ քեզ է ձեռնտու, ավելին` ներկայացնելով դա խեղաթյուրված տեսքով: Այդ պատճառով անտրամաբանական է ասել, որ կարելի է անցնել բուն խաղաղության համաձայնագրին` չհամաձայնեցնելով այն սկզբունքները, որոնց վրա այն պետք է հիմնված լինի:
Եթե Ադրբեջանի մոտ կա նման անզուսպ ցանկություն, շրջանցելով Մադրիդյան սկզբունքները, հասնել հակամարտության կարգավորմանը, ապա նման հնարավորություն նրա համար գոյություն ունի: Այն կայանում է նրանում, որ Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ նրա հետ սկսի սահմանների ճշգրտման շուրջ բանակցությունները: Ի դեպ, դա կծառայի որպես երաշխիք այն բանի, որ Բաքուն հրաժարվում է իր կողմից ի սկզբանե որդեգրած ուժային քաղաքականությունից, էթնիկ զտումների քաղաքականությունից, ԼՂՀ նկատմամբ ագրեսիայի քաղաքականությունից, ժողովուրդների միջեւ ատելության սերմանումից եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ անդադար դիվերսիոն գործողություններից, որոնք իրականում ոչինչ չեն տալիս, բացի կորուստներից, առաջին հերթին` հենց Ադրբեջանի կողմից:
Վաղ թե ուշ Բաքվում կգիտակցեն, որ հակամարտությունը կարգավորվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման եւ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսիայի համար Ադրբեջանի պատասխանատվության շրջանակներում»,-հայտարարել է Քոչարյանը:



























