ԱՄՆ նախկին նախագահ Բուշ-ավագի վիճակը շարունակվում է բարելավվել, եւ առաջիկա օրերին նա դուրս կգրվի ամերիկյան Հյուսթոն քաղաքի (Թեխաս նահանգ) հիվանդանոցից: Այս մասին շաբաթ հաղորդել է Սպիտակ տան նախկին ղեկավարի ընտանիքի ներկայացուցիչ Ջիմ ՄաքԳրասը:
Ջորջ Բուշ-ավագը հոսպիտալացվել էր դեկտեմբերի 23-ին, շնչահեղձության պատճառով: 90-ամյա նախկին նախագահի՝ հիվանդանոցից դուրս գրվելու օրը դեռեւս հայտնի չէ: ՄաքԳրասի խոսքով, մինչեւ երկուշաբթի նա հաստատ հիվանդանոցում կմնա:
Ջորջ Բուշ-ավագն ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989-1993 թ.թ.: Մինչ այդ նա փոխնախագահ է եղել Ռոնալդ Ռեյգանի աշխատակազմում (1981-1989 թ.թ.), կոնգրեսական, ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ, Չինաստանում ԱՄՆ հատուկ դեսպանորդ եւ ԿՀՎ ղեկավար:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, երկու տարի առաջ Բուշ-ավագը շուրջ ամիս հիվանդանոցում էր անցկացրել՝ բրոնխիտից հետո բարդությունների պատճառով: Նա Պարկինսոնի հիվանդությամբ է տառապում եւ ստիպված է տեղաշարժվել հաշմանդամի սայլակով: Միաժամանակ, հայտնի է, որ իր ծննդյան 75-րդ, 80-րդ, 85-րդ եւ 90-րդ տարեդարձերը նա նշել է պրոֆեսիոնալ հրահանգչի հետ միասին պարաշյուտով թռիչքով:
Նախկին նախագահն ու նրա կինը՝ Բարբարան, ձմեռային շրջանում են ապրում են Թեխասում, իսկ ամառն անցկացնում են Մեն նահանգի Քենեբանքփորթի իրենց տանը:



























