«Արթիկ» ՔԿՀ կալանավորին 4 հեռախոսի լիցքավորիչի մեջ կասկածելի զանգվածներով փաթեթ տարած փաստաբան Ռուբեն Մովսիսյանը ազատ է արձակվել գրավի դիմաց: NEWSa.m-ի թղթակցին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նրա նկատմամբ դեկտեմբերի 27-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-38-268-ի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Իսկ այդ հոդվածով սահմանվում է առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության հանցակցելու փորձը:
Քննչական մարմինը դատարան է ներկայացրել միջնորդություն՝ փաստաբանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու մասին: Դատարանը բավարարել է միջնորդություն եւ այն փոխարինել այլընտրանքային խափանման միջոց գրավով:
իշեցնենք, որ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում ստացվել են նյութեր` փաստաբանի պայուսակի մեջ գտնվող բջջային հեռախոսների լիցքավորիչների մեջ հայտնաբերված կասկածելի զանգվածների վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից:
Ստացված նյութերի համաձայն` 2014 թվականի դեկտեմբերի 23-ին` ժամը 17:45-ին, «Արթիկ» ՔԿՀ-ում աշխատակիցների կողմից զննության է ենթարկվել նույն քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ա.Պողոսյանին տեսակցության գնացած փաստաբանի ձեռքի պայուսակը, որի մեջ առկա 4 հատ բջջային հեռախոսի լիցքավորիչների զննությամբ երեքի միջից հայտնաբերվել են կասկածելի զանգվածներով փաթեթներ: Նույն օրը` ժամը 21-ի սահմաններում, նույն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից վարչական մասնաշենքի կանանց զուգարանից հայտնաբերվել է բջջային հեռախոսի ևս մեկ լիցքավորիչ, որի զննությամբ նույնպես հայտնաբերվել է կասկածելի զանգվածներով 3 հատ փաթեթ: Փաստի առթիվ Արթիկի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Բացատրություն է տվել փաստաբանը, ով հայտարարել է, որ լիցքավորիչներն իրեն տվել է անծանոթ մի տղամարդ` կալանավորին փոխանցելու համար:
Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ` կասկածելի զանգվածների բաղադրությունը պարզելու համար: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտելու համար:




























