Բռնության, կոռուպցիայի եւ կալանավորումների հայրենիքն ԱՄՆ-ն է, «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակում կատարված խուզարկությունների առնչությամբ ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Դանիել Բայերի խոսքերը մեկնաբանելով՝ ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:
«ԱՄՆ պաշտոնական որոշ ներկայացուցիչներ կորցրել են չափի զգացումը», - կարծում է Մամեդովը: «Նրանցից մեկը պրն Բայերն է: Նա մոռանում է, որ բռնության, կոռուպցիայի եւ կալանավորումների հայրենիքը հենց իր երկիրն է: Ինչպես երեւում է, ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ պրն Բայերն ընդհանրապես ոչինչ չգիտի իր երկրում կատարվող իրադարձությունների մասին: Լավ կլիներ, եթե նա ծանոթանար Սենատում հետախուզական հանձնաժողովի լսումներին, որոնք տեղի ունեցան մի քանի օր առաջ: Այն ժամանակ նա կհասկանար, որ երբ կարդում ես Twitter-ում իր գրածը, առաջին հերթին միտքդ է գալիս ԱՄՆ-ի օրինակը: Պարոն Բայերն իր կողմնակալ արտահայտություններով փորձում է վնասել ամերիկա-ադրբեջանական հարաբերություններին»:
Հիշեցնենք, որ Բաքվի «Ազատություն» ռադիոկայանում խուզարկություն է տեղի ունեցել:




























