ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կողմ է Ռուսաստանի նկատմամբ խիստ քաղաքականության շարունակմանը՝ Ուկրաինայի ճգնաժամի հետ կապված, հայտարարել է նա NPR ռադիոյի հետ հարցազրույցում

«Ուկրաինայի հարցում մենք պետք է խիստ լինենք ռուսաստանցիների հետ, - ասել է նա: - Սակայն մենք պետք է նաեւ  հետեւենք, որպեսզի մեր սեփական ֆինանսները կարգին լինեն»: «Բացի դրանից, մենք պետք է համոզվենք, որ անում ենք ամեն ինչ՝  մեր արտադրական բազան ամրապնդելու համար: Քանի որ վերջին հաշվով ռուսաստանցիների նկատմամբ մեր առավելությունն այն է, որ ունենք դինամիկ տնտեսություն, իսկ նրանք՝ ոչ , - հայտարարել է Օբաման: - Նրանց հույսը նավթն է: Իսկ մենք հույսներս դնում ենք նավթի,«Այփադների», ֆիլմերի արտադրության եւ այլնի վրա»:

«Դուք կարող եք հիշել, որ երեք կամ չորս ամիս առաջ Վաշինգտոնում բոլորը վստահ էին, որ ՌԴ նախագահ Պուտինը հանճար է: Որ նա հաղթել է բոլորին իր ռազմավարությամբ՝ ուժ գործադրելով եւ ամրապնդելով Ռուսաստանի հզորությունը, -  շարունակել է Օբաման: - Իսկ ես այն ժամանակ ասացի, որ մենք  չենք ցանկանում պատերազմ Ռուսաստանի դեմ, սակայն կարող ենք մշտական ճնշում գործադրել նրա վրա՝ մեր եվրոպական գործընկերների հետ», - ասել է Օբաման: Ըստ նրա՝ ժամանակի հետ պարզ կդառնար, որ «Ռուսաստանը ռազմավարական սխալ է թույլ տվել»: Ըստ նրա՝ այսօր, «համենայնդեպս Ռուսաստանի սահմաններից դուրս, մարդիկ մտածում են, որ Պուտինի արածն այնքան էլ խելամիտ չէր», փոխանցում է ՏԱՍՍ-ը: