Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրի բանակը համարում է եվրոպական աշխարհամասի ամենամարտունակ բանակներից մեկը: Այդ մասին նա հայտարարել է Կիեւում ունեցած եզրափակիչ մամուլի ասուլիսին:
Ուկրաինական առաջնորդի խոսքով՝ զինված ուժերը նման վիճակի են բերվել մի քանի ամվա ընթացքում: «Եվ այսօր արդեն մեզ մոտ են գալիս՝ ուսումնասիրելու հիբրիդային պատերազմի դեմ պայքարի մեր փորձը», - հայտարարել է նա, հայտնում է Ուկրաինայի «RBK»-ն:
Պետության ղեկավարը նաեւ ընդգծել է, որ 2015թ. Կիեւի առջեւ կանգնած գլխավոր խնդիրը «Դոնբասում փխրուն հաշտեցումը կայուն խաղաղության վերածելն է»:
Պորոշենկոն նաեւ հայտարարել է ինքնահռչակված Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների վերադարձման անհրաժեշտության մասին, եւ ընդծել, որ բոլոր գերիները պետք է ազատ արձակվեն: Ընդ որում, նա հայտնել է, որ դա կարող է արվել «միայն Մինսկի արձանագրության հիման վրա»:
Ամփոփելով 2014թ.-ի արդյունքները՝ Պորոշենկոն նշել է, որ 2014թ.-ը Ուկրաինայի համար վերջին 70 տարիների ընթացքում ամենաբարդ տարին էր: Այդ ընթացքում «աշխարհը դարձավ ավելի անվտանգ եւ ավելի քիչ կանխատեսելի»:




























