Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մաշտոցի ոստիկանության բաժնի աշխատակիցներ, ոստիկանության փոխգնդապետ Հասմիկ Խաչատրյանի եւ ոստիկանության մայոր Ալեքսան Հարությունյանի կողմից քաղաքացի Արթուր Մարդանյանից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ 2014 թվականի հոկտեմբերի վերջին քաղաքացի Արթուր Մարդանյանը հաշվառվելու նպատակով ներկայացել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մաշտոցի ոստիկանության բաժին, որտեղ հանդիպելով ոստիկանության փոխգնդապետ Հասմիկ Խաչատրյանին` նրան խնդրել է «լավության տակից դուրս գալու» պայմանով լուծել որեւէ հասցեում իր փաստացի բնակության վերաբերյալ արձանագրություն տրամադրելու հարցը:
Հասմիկ Խաչատրյանն Արթուր Մարդանյանին ծանոթացրել է Ալեքսան Հարությունյանի հետ, ապա նպաստել է նրանց` կաշառքի շուրջ համաձայնության գալուն: Հասմիկ Խաչատրյանը ուղղորդել է Ալեքսան Հարությունյանին Արթուր Մարդանյանի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելով գրել իրականությանը չհամապատասխանող դիմում՝ Երեւան քաղաքի Թերլեմեզյան 18-րդ հասցեում հաշվառվելու վերաբերյալ, ինչից հետո վերոհիշյալ հասցեում բնակվելու հանգամանքը հաստատելու համար Ա. Հարությունյանը Ա. Մարդանյանից պահանջել է 80 հազ. ՀՀ դրամ կաշառք:
Ալեքսան Հարությունյանը կազմել է ակնհայտ կեղծ արձանագրություն, որի դիմաց Հասմիկ Խաչատրյանի աշխատասենյակում, վերջինիս ներկայությամբ Արթուր Մարդանյանից ստացել է 80 հազ. ՀՀ դրամ կաշառք: Արձանագրությունը կազմելուց հետո Ա. Հարությունյանը եւ Հ. Խաչատրյանը կաշառք ստանալու կասկածանքով բռնվել են ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության աշխատակիցների կողմից:
Հիշեցնենք, որ ոստիկանության փոխգնդապետ Հ. Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ ոստիկանության մայոր Ա. Հարությունյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:
Մինչդատական վարույթում Հասմիկ Խաչատրյանի եւ Ալեքսան Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:




























