Հայաստան նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Հովհաննեսյանի մահվան կապակցությամբ:
Վահան Հովհաննեսյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին եւ գործընկերներին ուղղված ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի վախճանի մասին:
Վահան Հովհաննիսյանի ներկայությունը նշանակալի է եղել Հայաստանի քաղաքական դաշտում թե՛ արցախյան ազատամարտի տարիներին, թե՛ դրանից հետո՝ Հայաստանի Ազգային ժողովում:
Դժվար է պատկերացնել, որ գաղափարական մարտիկի, կիրթ մտավորականի, պետական ու կուսակցական գործչի, փայլուն հռետորի եւ վառ անհատականությամբ ընդգծված նրա կերպարը այլեւս մաս չի կազմելու հայաստանյան եւ համահայկական քաղաքական գործընթացների: Վահան Հովհաննիսյանի մահը մեծ կորուստ է ոչ միայն Հայ Յեղափոխական Դաշնակցության, այլեւ բոլորիս համար:
Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի գործչի հարազատներին, մերձավորներին եւ գործընկերներին»,-ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում:




























