ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, երեկ այցելել է ՀՀ ՊՆ ԶՈՒ Տավուշի մարզի սահմանային հենակետերից մեկը, Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ սահմանը պահող դիրքապահ զինվորներին իր եւ քաղաքաշինության նախարարության աշխատակիցների անունից շնորհավորելու եւ ամանորյա նվերներ հանձնելու համար:
Քաղաքաշինության նախարարը շնորհավորել է սահմանապահ զինվորներին՝ ցանկանալով նրանց անվտանգ ծառայություն, արիություն եւ կամային բարձր հատկանիշներ, անհրաժեշտության դեպքում էլ՝ մշտապես զգոն լինելով՝ հակառակորդի դիվերսիոն գործողությունները կանխելու եւ դիմակայելու պատրաստակամություն:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի եւ հրամանատար Օնիկ Գասպարյանի հետ նախարար Սարգսյանը եղել է դիրքապահ զինվորների գետնատնակում, ծանոթացել նրանց խոհանոցին, կենցաղային պայմաններին, անցել է հենակետի շուրջ փորված խրամատով ու խրամուղիներով, ուսումնասիրել դիրքերի տեղաբաշխումը՝ զինվորի հանդեպ ամենօրյա ուշադրությունն ու սրտացավությունը համարելով բոլորիս պարտքն ու պարտականությունը:
Նարեկ Սարգսյանը հայ-ադրբեջանական սահմանի վրա, մեր դիրքերն ամուր պահող զինվորներին եւ սպաներին՝ մաղթել է բարի ծառայություն՝ նշելով, որ այսօր նրանք հայրենիքի պաշտպանության սրբազան գործն են կատարում՝ որպես իսկական ժառանգորդը բոլոր ժամանակների հայ հերոսների:
Ավելացնենք, որ մինչ առաջնագծում հայ զինվորներին եւ սպաներին հանդիպելը եւ շնորհավորելը, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ՀՀ Տավուշի մարզպետարանում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի, Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի մասնակցությամբ խորհրդակցություն էր անցկացրել՝ քննարկելով մարզում առկա քաղաքաշինական խնդիրներն ու հիմնահարցերը, դրանց հնարավոր լուծումները:




























