Գերմանացի ֆոլկլորիստ Ֆրանց Քսավյեր ֆոն Շոնվարտի ձեռագրերը թարգմանվել են անգլերեն եւ 2015 թվականի գարնանը հրատարակվելու են: Մասնագետները նշում են, որ հեքիաթասացի գրառումները, որոնցում ներկայացված են եվրոպական ճանաչված ժողովրդական պատմվածքները, քանդում են այնպիսի կերպարների կարծրատիպերը, ինչպիսիք են Հենզելն ու Գրետելը կամ Մոխրոտը:

Շոնվերտի պատմվածքներում Հենզելն ու Գրետելը, որոնք ավանդաբար հայտնի են քույր ու եղբայր, թզուկի հետ «էրոտիկ հանդիպումից» հետո ամուսնանում են: Նրա մեկ այլ պատմվածքում գորտ-արքային ոչ թե երիտասարդ աղջիկ է համբուրում, այլ տղա: Եվ վերջապես, Մոխրոտը Շոնվերտի մոտ իր ոսկե կոշիկներն օգտագործում է՝ սիրելիին Լուսնից հետ բերելու համար:

Հարվարդի համալսարանի ակադեմիկոս Մարիա Թաթարի խոսքով, Գրիմ Եղբայրները, որոնց ներկայացմամբ հայտնի են եվրոպական ժողովրդական պատմությունների մեծ մասը, հատուկ երեխաների համար կանխամտածված դրանք «մաքրել» են սյուրռեալիստական եւ վտանգավոր այլ տարրերից:

Ըստ The Guardian-ի, հեքիաթները հայտնաբերվել են 2012 թվականին, գերմանական Ռեգենսբուրգի արխիվներում, որտեղ դրանք պահվել են ավելի քան 150 տարի:

Ֆրանց Քսավյեր ֆոն Շոնվարտը (1810-1886թ.թ.) համարվում է գերմանական ամենից հայտնի ֆոլկլորիստներից: Տարիներ շարունակ նա գրառել է Գերմանիայում շրջող առասպելներ, հեքիաթներ, անեկդոտներ, մանկական խաղեր, բանաստեղծություններ, երգեր եւ ասացվածքներ, ինչպես նաեւ վավերագրել է հագուստի եւ կերակուրների գյուղական սովորույթներն ու ավանդույթները: