Ջրային տնտեսության ԾԻԳ-ի աջակցող թիմը պարզաբանում է ներկայացրել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագծի վերաբերյալ, որի քննարկումը Գառնիում տեղիք է տվել տարաբնույթ մեկնաբանությունների: Հիշեցնենք, որ բնապահմանները ՀՀ բնապահպանության նախարարությանն ուղղված նամակում նշէլ էին, որ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագիծը պարունակում է հակաբնապահպանական եւ հակասոցիալական ռիսկեր: 

Ստորեւ ներկայացնում ենք պատասխան պարզաբանումը.

«Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման նախագծի շուրջ Գառնի համայնքում կայացած հանրային լսումներին պարբերաբար հետեւում են բնապահպանական որոշ կազմակերպությունների եւ լրատվամիջոցների արձագանք- մտահոգությունները, որոնց վերաբերյալ լրացուցիչ պարզաբանում ենք ներկայացնում:

Նախ վստահեցնում ենք, որ նախագծի պատվիրատու եւ իրականացնող կողմերն ի դեմս ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ԾԻԳ» ՊՀ-ի եւ «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի, պակաս մտահոգ չեն երկրի եւ մասնավորապես տվյալ նախագծին առնչվող սոցիալական եւ բնապահպանական խնդիրներով: Հետեւաբար, նախագծում, բացի տնտեսական շահավետությունից, ներառված են նաեւ մեր մասնագետների մոտեցումները, տրված են բոլոր հիմնական հարցադրումների պատասխանները: Դրանք բազմիցս ներկայացվել են մասնագիտական քննարկումների, ինչպես նաեւ շահառու համայնքներում կազմակերպված հանրային լսումների ընթացքում:

Վերջին քննարկումը Գառնիում կայացել է դեկտեմբերի 20-ին, որն, ի տարբերություն նախորդ հանրային քննարկումների տապալման փորձերի, ընթացել է երկխոսության մթնոլորտում: Հանրային քննարկումները նախաձեռնվել են` հաշվի առնելով «ՇՄԱԳ եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ կետի 6-րդ ենթակետով ամրագրված՝ հանրության ծանուցման եւ հանրային լսումների պահանջը, որպեսզի դրանց արձանագրությունները նույնպես ներառվեն փորձաքննության ներկայացվող հայտում: Ինչը եւ արվել է՝սկսած լսումների մասին պատշաճ ծանուցումից: Ի դեպ, նույն նախագծի շուրջ hանրային լսումներ են նախաձեռնվել եւ իրականացվել նաեւ Արարատի մարզպետարանում` 12 համայնքների, ՋՕԸ-երի եւ այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

 Ողջունելով հանդերձ Գառնի համայնքի բնակիչների ակտիվ մասնակցությունը կազմակերպված հանրային լսումներին, այնուամենայնիվ անհրաժեշտ ենք համարում փաստել, որ համայնքի կողմից ներկայացված եւ որոշ լրատվամիջոցներում շրջանառվող արձանագրությունը մասամբ է միայն արտացոլում հանրային լսումների ընթացքը, հնչած հարցադրումներն ու դրանց պատասխանները, մեկնաբանություններն ու պարզաբանումները (դրանք առավել օբյեկտիվ արտացոլված են տեսագրությունում): Բացի այդ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ արձանագրությունում (թեեւ ներկայացվածն առավելապես կարելի է համարել համայնքի բնակիչների դիրքորոշումներն ու մտահոգությունները ներառող գրություն, քան արձանագրություն) ներկայացված փաստերն ու կարծիքները հիմնավորված չեն: Գրության մեջ նշված կետերին համապատասխան մեր կողմից ներկայացնում ենք հետեւյալ փաստարկներն ու պարզաբանումները` համապատասխան հիմնավորումներով.

1.Ազատ գետի գլխամասային հատվածում բնապահպանական թողքը հաշվարկված է ՀՀ կառավարության 2011թ-ի հունիսի 30-ի N 927-Ն որոշմամբ հատատված բնապահպանական թողքի գնահատման մեթոդիկային համապատասխան, որի համար օգտագործվել են Ազատ-Գառնի հիդրոլոգիական դիտակետի բազմամյա տվյալները: Ինչ վերաբերում է Հայաստանում բնապահպանական թողքի վերահսկմանը, ապա վերահսկման մեխանիզմներ կան եւ դրանք պետք է կիրառվեն ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից: Պնդումը, թե տարածքը գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում, չի համապատասխանում իրականությանը: Գլխամասի կառուցապատման եւ խողովակաշարի անցկացման աշխատանքները ոչ մի տեղում չեն հատում Ազատ գետը, որն այդ հատվածում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի սահմանն է: Մեր կողմից եւս մեկ անգամ վերլուծվել են ՀՀ կառավարության 2009թ-ի ապրիլի 23-ի N 500-Ն որոշմամբ հաստատված «Խոսրովի անտառ» պետական արգելոցի սահմանների նկարագիրը, հատակագիծը եւ քարտեզագրական նյութերը: Ծրագրի իրականացման տարածքները Ազատ գետի աջափնյա տեղամասերում են, իսկ արգելոցը գտնվում է գետի ձախ ափին:

2. Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի գլխամասը տեղակայված է ՀՀ կառավարության 2008թ-ի N 967-Ն որոշմամբ հաստատված ցանկում ներառված «Բազալտե երգեհոն» բնության հուշարձանի (ժողովրդական լեզվով առավել հայտնի՝ «Քարերի սիմֆոնիա») տարածքից 1.3 կմ դեպի վար` գետի հոսանքով: Ներկայումս դեռեւս չկա այս հուշարձանի 2 հաստատված անձնագիրը, բայց նույնիսկ դրա առկայության կամ բնության այս հուշարձանի եւ պահպանման գոտու սահմանների հստակեցման պարագայում 1.3 կմ-ը բավականաչափ հեռավորություն է` պնդելու համար, որ նախագծի իրականացումը բնական հուշարձանի վրա էական ազդեցություն չի ունենա: Հարկ ենք համարում վստահեցնել, որ մեր մասնագիտական եւ դաշտային ուսումնասիրությունների, ինչպես նաեւ առկա գրականության տվյալների նույնականացման միջոցով պարզել ենք, որ ծրագրով էնդեմիկ ծառատեսակների հատում չի նախատեսվում: Խողովակաշարի որոշ տեղամասերում միգուցե անհրաժեշտություն առաջանա հատելու ուռենու, մասրենու եւ պտղատու ծառերի մի քանի առանձնյակներ:

Ազատ գետի էկոհամակարգի պահպանությունը կարեւոր սկզբունք է եւ կմնա այդպիսին ծրագրի իրականացման բոլոր փուլերում, իսկ գետը որպես բնակմիջավայր չի վտանգվի, քանի որ պահպանվելու է բնապահպանական թողքը: Կարմրախայտ ձկնատեսակի իսպառ վերացման կամ այդ ձկնատեսակի էնդեմիկ լինելու մասին պնդումները եւս զուրկ են հիմնավորումներից: Կարմրախայտ (Salmo trutta fario) ձկնատեսակը Հայաստանի համար էնդեմիկ չի հանդիսանում, այն տարածված է ոչ միայն մեր երկրում, այլեւ Եվրոպայի, Կովկասի, Փոքր Ասիայի, Անդրկովկասի գետերում (Ս. Պիպոյան, Ձկնաբանություն եւ ձկնաբուծություն, Երեւան-2012, էջ 167):

3. Անհրաժեշտ է փաստել, որ Ազատ գետի կիրճում գտնվող եւ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգին առնչվող ոչ բոլոր հողատարածքներն են ոռոգվում Ազատ գետի ջրով: Դրանց մի մասը ոռոգվում է Ազատի կողային ելքերով, որոնց վրա ծրագիրն ազդեցություն չի ունենա: Իսկ այն հողատարածքները, որոնք  ծրագրի ազդեցության գոտում կլինեն, ոռոգման ջուրը կկարողանան ստանալ կառուցվելիք ինքնահոս համակարգից:

4. Միեւնույն ժամանակ հայտնում ենք, որ նախագծային ինստիտուտը 22.06.2014թ-ի համապատասխան գրությամբ դիմել է Գառնիի գյուղապետ պարոն Ա. Վարդանյանին` խնդրելով ներկայացնել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման խողովակաշարի իշխման տակ գտնվող հողակտորների մասին տեղեկատվություն, սակայն պատասխան  է ստացել, որ այդ հողերը չեն ոռոգվում:

[20:13:14] ани: Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվում է Ոռոգման համակարգերի բարելավման ծրագիրը, որի բաղադրիչներից մեկով նախատեսված է կառուցել 4 ինքնահոս ոռոգման համակարգեր` Մեղրիի, Քաղցրաշենի, Բաղրամյան-Նորակերտի եւ Գեղարդալճի:  Քաղցրաշենի համակարգի նպատակն է ինքնահոս ոռոգման ջուր ապահովել Արարատի մարզի 12 համայնքների 854 հա հողերի համար, որոնք ներկայումս ոռոգման ջուրն ստանում են պոմպակայանների միջոցով` ծախսելով տարեկան շուրջ 11 մլն Կվտ/ժամ էլեկտաէներգիա: Բացի դա, այս համակարգի կառուցումը հնարավորություն կընձեռի ոռոգման ջրով ապահովել եւս 378 հա նոր ոռոգելի հողատարածքներ: Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի գլխամասը նախատեսվում է տեղակայել Ազատ գետի վրա` Ազատ եւ Գողթ գետերի միախառնումից 1 կմ ներքեւ: Ջրառը նախատեսվում է իրականացնել միայն ոռոգման սեզոնին`ապրիլից մինչեւ հոկտեմբեր, պահպանելով գետի բնապահպանական թողքը, որը հաշվարկվել եւ հաշվի է առնվել նախագծում եւ կազմում է 0.85մ3/վրկ: Բոլոր հաշվարկները, ցուցանիշները եւ նկարագրությունները մանրամասնորեն ներկայացված են նախագծում:

Ինչ վերաբերում է նախագծի իրականացումից շրջակա միջավայրի վրա ակնկալվող ազդեցության գնահատմանը, ապա տեղեկացնում ենք, որ այն նույնպես իրականացվել է եւ սահմանված կարգով կներառվի ընդհանուր նախագծային փաթեթում եւ կներկայացվի բնապահպանական փորձաքննության:

Միաժամանակ, հաշվի առնելով ծրագրի կարեւորությունը եւ առկա կարծիքների բազմազանությունը,  պատրաստակամություն ենք հայտնում՝ բոլոր շահագրգիռ կողմերի հետ այսուհետ եւս շարունակել բաց, հրապարակային փոխգործակցությունը մասնագիտական անաչառ դիտարկումների, առաջարկությունների  եւ նույնքան անաչառ տեղեկատվության ակնկալիքով: