Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստանում է անել հնարավորը, որպեսզի քաղաքական ճանապարհով լուծի Դոնբասի հակամարտությունը: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ դեկտեմբերի 29-ին, տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում: Այդ նպատակով, ըստ Պորոշենկոյի, ներկայումս «ամենշաբաթյա շտաբ» է ստեղծվել:
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ իրավիճակը Դոնբասի եւ Լուգանսկի մարզերում կարող է կարգավորվել բացառապես քաղաքական ճանապարհով: «Դոնբասում խնդրի ռազմական լուծում գոյություն չունի»,-ասել է նա՝ միաժամանակ հավելելով, որ խնդրի կարգավորումը ժամանակ է պահանջում:
«Խաղաղությունը երկարատեւ գործընթաց է, պատերազմ սկսելը հեշտ է, դժվար է դադարեցնելը»,-նկատել է Պորոշենկոն ու հավելել, որ այդ ուղղությամբ առաջին քայլն արված է՝ կրակը դադարեցված է:
Միաժամանակ, Կիեւը նախատեսում է վերականգնել տնտեսական կապերը Դոնբասի չվերահսկվող տարածքների հետ: Ձեռնարկությունները, որոնք աշխատում են ԴԺՀ-ում եւ ԼԺՀ-ում,չեն կարողանում աշխատել Ուկրաինայի հետ, ասել է Պորոշենկոն:
Կիեւը պատրաստ է Դոնբասից ածուխ գնել: «Մենք ածուխ կգնենք պետական ձեռնարկություններից, այդ թվում նրանցից, որոնք այն արդյունահանում են չվերահսկվող տարածքներում»,-նշել է Ուկրաինայի նախագահը եւ որպես այդպիսի համագործակցության պայման նշել հանքափորների աշխատավարձերի վճարումը:
Պորոշենկոն նաեւ խոստացել է շարունակել էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարումը Դոնբասին: «Դոնբասում ուկրաինացիներ են ապրում, եւ մենք չպետք է թույլ տանք, որ նրանք սառչեն, մենք քաղաքակիրթ երկիր ենք»,-ասել է Ուկրաինայի նախագահը:




























