Ղրիմի շրջափակում չկա, Կիեւի կողմից ձեռնարկվող քայլերն արվում են՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին դեկտեմբերի 29-ին կայացած ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

«Ղրիմի շրջափակում չկա, գոյություն ունեն միջոցառումներ, որոնք Ուկրաինային ապահովում են դիվերսիոն խմբերի գործողություններից: Մենք չենք պատրաստվել եւ չենք պատրաստվում շրջափակման դիմել, առավել եւս՝ որպես ճնշման մեխանիզմ: Բայց մենք կանենք ամեն ինչ, որպեսզի պաշտպանենք մեր քաղաքացիներին»,- հայտարարել է Պորոշենկոն:

Ուկրաինայի նախագահը նաեւ նշել է, որ Կիեւը զիջումների չի գնա Ղրիմի եւ Դոնբասի տարածքային պատկանելության հարցի շուրջ: «Ոչ մի փոխզիջում տարածքային ամբողջականության շուրջ չի լինի: Ուկրաինան չի վաճառվում»,- ասել է նա՝ հավելելով, որ Ուկրաինան Ղրիմի էլեկտրաէներգիա կմատակարարի այն դեպքում, եթե Ռուսաստանից էլեկտրաէներգիա ստանա կնքված պայմանագրերի համաձայն:

«Ուկրաինան ունի էլեկտրաէներգիա, ուրեմն այն կլինի նաեւ Ղրիմում: Ուկրաինայում էլեկտրաէներգիա չկա, ուրեմն հովհարային անջատումները կվերաբերեն առաջին հերթին Ղրիմին: Ամեն ինչ պարզ է»,- հավելել է Պորոշենկոն: