Ռուսաստանն աստիճանաբար ճանաչում է հայկական ձկնկիթի համը, ինչպես ժամանակին եղավ հայկական ձկան պարագայում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց  «Հայ ձկնաբույծների միություն» ՀԿ-ի նախագահ, գործարար Արմեն Բունիաթյանը:

Ձկնկիթի որակը, ըստ նրա, Հայաստանում բավական բարձր է, իսկ սանիտարական փորձաքննության հետ կապված հարցեր չեն ծագում. Վերջերս «Ռոսսելխոզնադզոր»-ը հերթական անգամ այցելեց հայկական ձկնաբուծական տտեսություններ, որրոնք ՌԴ արտահանելու թույլտվություն էին ստացել, եւ ծանոթացավ աշխատանքի պայմաններին: 

«Ամեն ինչ կարգին է, մեր որակը նորմալ է, եւ ռուսական կողմը կրկին հավաստիացավ դրանում: Հայաստանում ձկնկիթ կա, պարզապես առայժմ փոքր քանակությամբ: Այս տարի մեր տնտեսությունն արտադրել է շուրջ մեկ տոննա սեւ ձկնկիթ: Սակայն սա շատ քիչ է՝ նույն ռուսական շուկա դուրս գալու համար: Ճիշտ է, իրենք էլ շատ քիչ ջրամբարի ձուկ եւ ձկնկիթ ունեն: Սակայն դա չի նշանակում, որ   մենք պետք է բավարարվենք այն ծավալով, որն այժմ  մատակարարում ենք ռուսաստանցի գործընկերներին», – հավելեց Բունիաթյանը:

Նշենք, որ եթե 2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանն արտահանել է 2,6  տ ձկնկիթ, ապա 2014 թ. նույն ժամանակահատվածում՝ արդեն 14,5 տ: 2014 թ. գրեթե ողջ արտահանումը Ռոսաստանին է բաժին ընկել: