ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն այսօր՝ դեկտեմբերի 29-ին դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների գործողությունները: Մասնավորապես, նա դատապարտել է «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակում կատարված խուզարկությունները, եւ կոչ է արել դադրեցնել շարունակվող հարձակումները ազատ մամուլի վրա:
«Խուզարկությունը, այնուհետեւ գրասենյակի փակումը եւս մեկ ծանր հարված են Ադրբեջանում մամուլի եւ խոսքի ազատությանը: 2014-ը դրամատիկ հետընթացի տարի էր Ադրբեջանում լրատվամիջոցների ազատության առումով: Մամուլի ավելի քան տասնյակ ներկայացուցիչներ ներկայումս գտնվում են անազատության մեջ: Իշխանությունները պետք է թույլ տան «Ազատություն» ռադիոկայանին շարունակել աշխատանքը եւ պաշտպանել երկրում քննադատական ձայների գոյությունը»,-ասել է Միյատովիչը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության աշխատակիցները խուզարկություն են անցկացրել «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակում, որից հետո կնքել են գրասենյակը: Նրանք առգրավել են կնիքը, կազմակերպության փաստաթղթերը, համակարգիչներն ու այլ սարքավորումները: Դեկտեմբերի 28-ին ադրբեջանական իշխանությունները հարցաքննել են ռադիոկայանի Բաքվի գրասենյակի 12 աշխատակիցների: 12 ժամ տեւած հարցաքննությունից հետո նրանց ազատ են արձակե առանց որեւէ մեղադրանք ներկայացնելու:
Նրանց պաշտպաններին արգելվել է մասնակցել հարցաքննություններին, իսկ այսօր հարցաքննության են կանչվել ռադիոկայանի Բաքվի բյուրոյի եւս 8 ներկա ու նախկին աշխատակիցներ:




























