12 տարվա ազատազրկման դատապարտված ՔԿՎ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանին ազատության մեջ հայտնվելը համարում եմ արդարացի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Վաղինակ Գեւորգյանը, ով պաշտպանում էր Սամվել Հովհաննիսյանի շահերը, երբ գործը դեռ նախաքննության փուլում էր:

Որպես գործի մանրամասներին ծանոթ փաստաբան՝ նա նշեց, որ Սամվել Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքները որեւէ ձեւով հիմնավորված չեն եղել, եւ դրանցով քրեական գործի վարույթը պետք է կարճվեր դեռ նախաքննության փուլում: Մինչդեռ գործը ուղարկվել է դատարան, Սամվել Հովհաննիսյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման եւ ազատ է արձակվել նախագահի ներման հիման վրա: «Սա ես համարում եմ ճիշտ եւ իրավաչափ, մարդասիրական վերաբերմունք էր Սամվել Հովհաննիսյանի նկատմամբ»,-ասաց Վաղինակ Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ 2012 թվականի հունիսին առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով և պատվերով սպանության նախապատրաստություն կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Սամվել Հովհաննիսյանն արդեն 3 օր է՝ տանն է: Նա դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման, ազատ է արձակվել նախագահ Սերժ Սարգսյանի ներման հիման վրա: