Դիլիջանի զարգացման փորձը գրավել է BMW հիմնադրամի տարածաշրջանային կոնֆերանսի ուշադրությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի գործատուների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը՝ մեկնաբանելով Հիմնադրամի Թբիլիսիում այս տարվա հոկտեմբերին տեղի ունեցած տարածաշրջանային կոնֆերանսի արդյունքները:

«Սոցիալական ազդեցություն օրեր» կոնֆերանսին մասնակցել են ներկայացուցիչներ Թուրքիայից, Ռուսաստանից, Հայաստանից, Վրաստանից ու Ադրբեջանից: Հիմնական թեման եղել է կրթական մոդելների կիրառմամբ սոցիալական ինովացիաները, ինչպես նաեւ բիզնեսում ինովացիոն մոտեցումները:

Հայաստանի դեպքում հատուկ նշվել է Դիլիջան քաղաքի փորձը եւ այնտեղ իրականացվող զարգացման բազմաթիվ նախագծերը (ASBA հիմնադրամի մատչելի բնակարանների շինարարության ծրագիր, «Թումո» ստեղծարար նորարարական տեխնոլոգիաների կենտրոն, ԿԲ ուսումնական կենտրոն, Ռուբեն Վարդանյանի միջազգային քոլեջ):

«Գլխավորն այն է, որ բոլոր մասնակիցները կիսեցին իրենց երկրների փորձը ինովացիոն քաղաքային զարգացման ոլորտում՝ մի կողմ թողնելով քաղաքականությունը: Մենք շատ բան ունենք սովորելու միմյանցից»,-հավելել է Մակարյանը՝ հավելելով, որ հաջորդ կոնֆերանսը տեղի է ունենալու Հայաստանում: