Շահավետ վարկերը առավելություն են տալիս թուրքական պանրին ռուսական շուկայում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Արաքս-2» արտադրական կոոպերատիվի (Գեղարքունիքի մարզ) տնօրեն Արթուր Մովսիսյանը:

«Թուրք արտադրողները վարկեր են ստանում սուբսիդավորված տոկոսադրույքներով: Տոկոսադրույքը կարող է նվազել ընդհուպ մինչեւ զրո տոկոս եւ չանցնել 7 տոկոսից: Եթե դուք սարքավորումներ եք ներմուծում, ապա ներմուծումը 50 տոկոսով ֆինանսավորում է պետությունը: Այդ ամենն օգնում է նրանց էականորեն առաջ անցնել մրցակցությունում»,-ասել է Մովսիսյանը:

Թուրքական արտադրողին օգնում է նաեւ ԱԱՀ-ն, որը Թուրքիայում կազմում է 10 տոկոս, այն դեպքում երբ Հայաստանում այն 20 տոկոս է, հավելել է նա: Դիտարկմանը, թե արտահանման դեպքում ԱԱՀ չի գանձվում, Մովսիսյանը նկատել է, որ Ռուսաստանի հետ ուղիղ, առանց վերավաճառքի առեւտուր են անում միայն խոշոր ընկերությունները: «Փոքր ընկերություններին դժվար է ամրապնդվել նույնիսկ երեւանյան սուպերմարկետներում, էլ ուր մնաց ռուսական շուկայում»,-հավելել է պանրագործը:

Դիտարկմանը, որ Հայաստանում, ի տարբերություն Թուրքիայի, իր ապրանքի համար Ռուսաստանում չի վճարում ներմուծման մաքսատուրքեր, Մովսիսյանն արձագանքել է. «Արեւմտյան ապրանքների նկատմամբ պատժամիջոցներից հետո Ռուսաստանը թուրքական ապրանքների նկատմամբ էլ ավելի լավ է վերաբերվում: Այնպես որ չեմ զարմանա, եթե ՌԴ շուկայում «հայկական» պանիր հայտնվի հենց Թուրքիայից»: