Մադրիդում 10-րդ անգամ անցկացվում է ըմբշամարտի Իսպանիայի Մեծ մրցանակի խաղարկությունը, որը տեղ ունի ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական օրացույցում: Այս խոշոր մրցաշարին մասնակցում է նաև Հայաստանի ազգային հավաքականը: Հունահռոմեական ոճի ըմբիշների պայքարում Հայաստանը ներկայացված է երկու մարզիկներով: 55 կգ քաշային կարգում եզրափակիչ է դուրս եկել Ռոման Ամոյանը, որը բացառիկ արդյունք է ցույց տվել, երեք գոտեմարտերում չզիջելով ոչ մի միավոր: 1/8-րդ եզրափակիչում Ամոյանը հաղթել է 18:0, քառորդ եզրափակիչում` 11:0, իսկ կիսաեզրափակիչում` 16:0 հաշվով:
Նույն հաջողությամբ եզրափակիչում պայքարելու իրավունք է ստացել նաև 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը: Հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի որդին ևս երեք գոտեմարտերում ոչ մի միավոր տանուլ չի տվել:
Եզրափակիչ գոտեմարտերը տեղի կունենան հուլիսի 11-ին:




























