Հայաստանի ռեստորաններից մեկում օրերս տոնական միջոցառումը վերածվել է թեժ ծեծկռտուքի:
NEWS.am-ի տեղեկություններով, «Թագավորանիստ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում հունվարի 1-ի լուսադեմին հաճախորդների ու ռեստորանի աշխատակցի միջեւ վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում հաճախորդները հարձակվել ու հարվածներ են հասցրել հաստատության աշխատակցին: Մեր տեղեկություններով, նա համալիրի պահակն է եղել:
Կողմերին բաժանելու նպատակով միջամտել է մատուցողը, ինչի հետեւանքով մի քանի հարված է ստացել դեմքի շրջանում: Ի վերջո, գործը հասել է իրավապահներին: Դեպքի վայրից կռվի մասնակիցները բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունք:
Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտատեցին այս տեղեկությունը՝ նշելով, որ կատարվում է քննություն: Այլ մանրամասներ հայտնի չեն:




























