Բուրունդիայի կառավարական զորքերը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության սահմանին տեղի ունեցած բախումների ընթացքում ոչնչացրել են զինված անհայտ խմբավորման առնվազն 105 գրոհայինի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Ֆրանս Փրեսսը»:
Ինքնաձիգներով եւ ականանետներով զինված շուրջ 200 գրոհայիններ դեկտեմբերի 30-ի գիշերը անցել են Կոնգոյի սահմանը, սակայն նրանց տեղաշարժը կասեցրել են տեղի բանակի ուժերը եւ ոստիկանությունը: Բախումը տեղի է ունեցել Բուգանդա բնակավայրում: Հազարավոր տեղացիներ ստիպված են եղել լքել իրենց տները: Ավելի վաղ հաղորդվել էր, որ բախումների հետեւանքով սպանվել է շուրջ 14 մարդ:
Տարածաշրջանում գործող խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: «Հինգ օր անընդմեջ ռազմական գործողություններից հետո զինված խումբը հարձակվել է Բուրունդիայի վրա: Խումբը ոչնչացվել է մեր անվտանգության ուժերի կողմից», - հայտարարել է Բուրունդիայի բանակի գեներալը, որը չի ցանկացել ներկայանալ:



























