ԱՄՆ-ում 95 տարեկան հասակում վախճանվել է առաջին աֆրոամերիկացի սենատոր Էդվարդ Բրուքը: Այս մասին հայտնել է նրա նախկին օգնականը:

Բրուքը Սենատ էր անցել 1966թ.` Մասաչուսեթս նահանգից:

Այն ժամանակ աֆրոամերիկացիները նահանգի ընդամենը 2%-ն էին կազմում: Սենատորի պաշտոնում Բրուքն աշխատել է  12 տարի: Մինչ այդ նա Մասաչուսեթսի գլխավոր դատախազն էր:

 Հայտնի է, որ Քաղաքացիական պատերազմի (1861 – 1865) ավարտից հետո Սենատում երկու աֆրոամերիկացի էր աշխատում: Սակայն այն ժամանակ սենատորները  չէին ընտրվում, այլ նշանակվում էին նահանգների Օրենսդիր ժողովների կողմից:

Բրուքը Սենատում հարում էր լիբերալ հանրապետականներին, որոնք հաճախ ընդդիմանում էին նախագահ Ռիչարդ Նիքսոնին: Բրուքը դեմ էր Վիետնամի պատերազմին, նա Ուոթերգեյթյան սկանդալի ժամանակ Նիքսոնին հրաժարականի կոչ արած առաջին սենատորներից էր եղել:

ԱՄՆ-ի ամբողջ պատմության ընթացքում սենատորի պաշտոնում ընտրվել է ինն աֆրոամերիկացի, որոնցից մեկն էլ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման է:

2008թ. ընտրություններում Օբամայի հաղթանակից հետո Բրուքն ասել էր, որ շնորհակալ է Աստծուն մինչեւ այդ օրն ապրելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը: