Ղազախստանում գիտության ամենամեծ խնդիրը ոչ թե ֆինանսավորման ցածր մակարդակն է, այլ դրա պահանջված չլինելը: Նման կարծիք է հայտնել Ղազախստանի գիտությունների ակադեմիայի կենսաբանության եւ բույսերի կենսատեխնոլոգիաների ինստիտուտի գիտքարտուղար, Առեւտրայնացման գրասենյակի ղեկավար Սերիկ Մուհամբեթջանովը:
«Գիտական արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների ակտիվությունը միջինը կազմում է ընդամենը 2,3%: Առավել բարձր ակտիվությունը բնորոշ է արտասահմանյան մասնակցությամբ ընկերություններին` 5% եւ սեփականության մասնավոր ձեւին` 3,7%, իսկ պետական ընկերությունների մոտ այն շատ ցածր է` 0,6%», - գրել է նա հեղինակային հոդվածում, որը տպագրվել է Տեխնոլոգիական զարգացման ազգային գործակալության կայքում, փոխանցում է «ԿԱԶԻՆՖՈՐՄ» գործակալությունը:
Մուհամբեթջանովի կարծիքով` գիտատեխնիկական արտադրանքի ձեւավորման գործընթացն արգելակում են այնպիսի խնդիրներ, ինչպիսին է օրինակ տնտեսական շրջանառությունում գիտատեխնիկական գործունեության արդյունքների օգտագործման հստակ մեխանիզմների բացակայությունը: Փորձագետը նաեւ նշում է կադրային խնդիրը:



























