Արցախի ՊԲ հարավային եւ արեւելյան ուղղություններով հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ժամը 03:15-ի սահմաններում հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն-հետախուզական երկու գործողությունների հետեւանքով վիրավորված Վոլոդյա Հարությունյանին այսօր` հունվարի 4-ին տեղափոխել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: 

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը հայտնեց, որ Վոլոդյային Ստեփանակերտի հոսպիտալում վիրահատել են, այնուհետեւ տեղափոխել Երեւան:

«Վիճակը կայուն ծանր է, վիրավորվել է թոքը, երիկամը»,- ասաց Արամ Ասատուրյանը:

Նշենք, որ Վոլոդյա Հարությունյանը Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքից է, ամուսնացած է, ունի դպրոցական երեխա:
Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ժամը 03:15-ի սահմաններում, Արցախի ՊԲ հարավային եւ արեւելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել ելման դիրքերը:

Ցավոք, հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը եւ Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Վիրավորում է ստացել զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը: