Արցախի ՊԲ հարավային եւ արեւելյան ուղղություններով հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն-հետախուզական գործողության հետեւանքով զոհված Կարեն Գրիգորյանը ընտանիքի միակ արու զավակն էր: Հարեւանները NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին, որ Կարենի ընտանիքը սոցիալական ծանր վիճակում է ապրում:

«Սա ազգային ցավ է, մի քույր ունի, մեծն ինքն էր: Ընտանիքը սոցիալական վատ դրության մեջ է: Իրանց հույսը էս երեխեն էր: Ծնողներն էլ առողջություն չունեն: Ծնողներին օգնում էր այգին մշակել: Անասուն էին պահում, կով ունեին: Պապու թոշակով, իրենց նպաստով մի կերպ էին ծերը ծերին հասցնում, բայց երկու տարի առաջ պապը մահացավ, նպաստ էլ չէին ստանում»,- ասաց հարեւանուհիներից մեկը:

Հարեւանները պատմեցին, որ նախորդ օրը Կարենի հոգեհանգստին ներկա են եղել նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որոնք ընտանիքին են հանձնել Կարենի՝ հետմահու ստացած «Մարտական ծառայություն» մեդալը:

Կարեն Գրիգորյանին այսօր՝ հունվարի 5-ին զինվորական կարգով հուղարկավորեցին Արտաշատի գերեզմանատանը: Հուվարի 14-ին նա կդառնար 21 տարեկան:

Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ժամը 03:15-ի սահմաններում, Արցախի ՊԲ հարավային եւ արեւելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել ելման դիրքերը:

Հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը եւ Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Վիրավորում է ստացել զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը: