Հունիսի 29-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը աշխատանքային այց կկատարի Ադրբեջան։ Կրեմլի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, այցը տեղի է ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով։ Ենթադրվում է, որ հանդիպման գլխավոր թեմաներից մեկը կլինի էներգետիկ համագործակցության, մասնավորապես, Ռուսաստանի կողմից ադրբեջանական գազի գնումների մասին հարցը։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Գազպրոմ» ԲԲԸ վարչության խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը, ստորագրվելու են ադրբեջանական գազի գնման վերաբերյալ փաստաթղթեր։

""Գազպրոմը" պատրաստ է ադրբեջանական գազ գնել արդեն 2010 թվականի հունվարի 1-ից",- հայտարարել է Ալեքսեյ Միլլերը։ Ըստ նրա, ռուսական կոնցեռնը «կարող է Ադրբեջանին առաջարկել գազի գնման շատ հարմարավետ գներ»։ Նաև քննարկվելու են ֆինանսա-տնտեսական համաշխարհային ճգնաժանի պայմաններում Բաքվի ու Մոսկվայի փոխգործակցության հարցերը։ Բացի այդ, Մեդվեդևն ու Ալիևը բանակցություններ կվարեն մերձկասպյան պետությունների Բաքվում կայանալիք երրորդ համաժողովի նախապատրաստական աշխատանքներն արագացնելու շուրջ։

Կա ևս մի խնդիր, որը չեն կարող շրջանցել Մեդվեդևն ու Ալիևը։ Դա Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցն է։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակում է աջակցել այդ հարցում փոխզիջման որոնմանը։ 2008 թվականի նոյեմբերի 2-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը ստորագրվեց հռչակագիր, որով կողմերը հաստատեցին իրենց նվիրվածությունը հակամարտության քաղաքական կարգավորմանը։