Իրանի ընդդիմության առաջնորդ Միր Հոսեյն Մուսավին իր ինտերնետային կայքում հրապարակված հայտարարության մեջ նշել է, որ «ցուցադրական դատավարությունները», որոնք ուղղված են բարեփոխականների եւ լրագրողների դեմ, միայն ծառայում են օտարերկրացիների շահերին։

Մուսավիին Իրանի իշխանությունները բազմիցս մեղադրել են օտար տերությունների շահերին ծառայելու, ընդդիմության ցույցերը խրախուսելու եւ երկրում իրավիճակն ապակայունացնելու մեջ:

«Ի՞նչն է ծառայում օտարերկրացիների շահերին. Սահմանադրական ճանապարհով մարդկանց բողոքի արտահայտո՞ւմը, թե՞… ցուցադրական դատավարությունները, որոնց ժամանակ հեղափոխության զավակներին նստեցնում են ատելի երկերեսանիների կողքին»,- ասել է Մուսավին եւ հավելել, որ Իրանի բանտերում տիրող իրավիճակը ապացուցում է, որ երկիրը «խորքային փոփոխությունների» կարիք ունի։

Հիշեցնենք, որ նախագահի ընդդիմադիր մեկ այլ թեկնածու` Մեհդի Քարուբին օգոստոսի 9-ին իր կայքէջում տեղադրված հայտարարության մեջ պնդել էր, որ հետընտրական իրադարձությունների առնչությամբ կալանավորված ընդդիմադիր կանայք եւ տղամարդիկ բանտերում բռնությունների եւ անգամ բռնաբարության են ենթարկվում։