Արեւի խավարումը, որն այս տարի միակն էր, արդեն իսկ տեղի ունեցավ: Բնության այս անսովոր երեւույթը դիտելու հնարավորություն են ունեցել Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածում: Զատկի կղզում՝ Չիլիի ափից մոտ 3500 կիլոմետր հեռավորության վրա, ամենահարմար վայրն էր, որտեղից հնարավոր էր դիտել անսովոր տեսարանը: Զատկի կղզի եկած բազմաթիվ զբոսաշրջիկներ արեւի խավարումը ողջունել են ծափահարություններով: Լրիվ խավարումը տեւել է 5 րոպե 20 վայրկյան, ինչը արեւի խավարման սովորական տեւողությունից մոտ երկու անգամ երկար տեւողություն է: Նշենք, որ Հարավային կիսագնդի բնակիչները վերջին անգամ արեւի ամբողջական խավարման ականատես են եղել 9 տարի առաջ՝ 2001 թվականին: