Հունվարի 7-ին հայտնաբերել են AirAsia ընկերության կործանված ինքնաթիռի պոչային հատվածը: Ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ այս մասին հայտնել է Ինդոնեզիայի Ազգային որոնողա-փրկարարական վարչության ղեկավար (Basarnas) Հենրի Բամբանգ Սուլիսյուն:
Նրա խոսքով՝ ինդոնեզական ջրասույզները լուսանկարել են մի օբյեկտ, որի վրա առկա գրությունը թույլ է տալիս այն նույնականացնել կործանված ինքնաթիռի հատվածի հետ: «Ահա Air Asia ինքնաթիռի լուսանկարը՝ անվնաս տեսքով: Ուստի (համեմատելով), ես կարող եմ վստահորեն պնդել, որ դա հենց պոչային հատվածն է»,- Ինդոնեզիայի Ազգային փրկարարաորոնողական վարչության ղեկավարին խոսքերն է մեջբերում Detik.com լրատվական կայքը:
Հիշեցնենք, որ մալազիական Airbus-ը 2014 թվականի դեկտեմբերի 28-ի վաղ առավոտյան ինդոնեզական Սուրաբայա քաղաքից չվերթ էր իրականացնում դեպի Սինգապուր: Թռիչքից կարճ ժամանակ անց այն անհետացել է ռադարների էկրաններից: Օդանավում 162 մարդ է եղել: Որեւէ մեկին փրկելու հույս այլեւս չկա:




























