ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2016 թվականի ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը Կոնգրես կներկայացնի օրենքով սահմանված ժամկետում՝ փետրվարի 2-ին: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:

«Մենք Կոնգրեսի հետ բյուջեի շուրջ համատեղ արդյունավետ աշխատանքի հույս ունենք՝ օրենքով սահմանված ժամկետներում»,- նշել են Սպիտակ տան մամուլի ծառայությունում:

Ամերիկյան օրենսդրության համաձայն, նախագահը պարտավոր է հաջորդ տարվա բյուջեն ներկայացնել ընթացիկ տարվա փետրվարի առաջին երկուշաբթիից ոչ ուշ: Սակայն, ըստ BBC-ի, վերջին տարիներին այդ կանոնը հաճախ խախտվում էր, եւ բյուջեի ընդունման գործընթացը ձգձգվում էր:

Նախագահի նախագծի ներկայացումը բյուջեի շուրջ աշխատանքի առաջին քայլն է: Ամերիկյան խորհրդարանի երկու պալատներն էլ իրավունք ունեն բյուջեի սեփական տարբերակը ներկայացնել, ինչից հետո սկսվում է վերջնական տարբերակի համաձայնեցման եւ հաստատման ուղղությամբ աշխատանքը:

Այս անգամ այդ գործընթացը սովորականից ավելի դժվար կարող է լինել. Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունն էլ անցել է հանրապետականներին, եւ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Օբաման ստիպված կլինի փոխզիջման եզրեր գտնել գրեթե բոլոր հարցերի շուրջ: ԱՄՆ-ի ֆինանսական տարին սկսվում է հոկտեմբերի 1-ից: