Բրիտանական BBC հեռարձակող կորպորացիան հրաժարվել է նախկինում գործող արգելքից, ըստ որի չէր թույլատրվում Մուհամեդ մարգարեի պատկերն օգտագործել իր արտադրանքի վրա: Այս մասին հայտնել է լոնդոնյան The Daily Telegraph թերթը: Միաժամանակ, իսլամը կտրականապես արգելում է Աստծո եւ նրա մագարեի պատկերումը:
Այս հարցի վրա ուշադրություն է դարձվել Փարիզում Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի վրա հունվարի 7-ին տեղի ունեցած հարձակումից հետո: Մեկնաբանների խոսքով՝ BBC-ի նորությունների թողարկման ժամանակ այդ օրը կարճ ցուցադրվել են սկանդալային ծաղրանկարները, որոնք տպագրվել էին Charlie Hebdo-ում:
Այդուհանդերձ, կորպորացիայի հունվարի 8-ի ծրագրերից մեկի ժամանակ հաղորդավար Դեւիդ Դիմբլբին կարդացել է BBC-ի նորմերից մի հատված, որտեղ ասվում է, որ մարգարեն իրենց թողարկումներում «չպետք է ներկայացվի որեւէ տեսքով կամ ձեւով», հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Դրանից անմիջապես հետո կորպորացիան հանդես է եկել պարզաբանմամբ՝ պնդելով, որ այդ կանոնն «արդեն համարվում է հնացած եւ հիմա վերանայվում է»:




























