Կրոնական զգացմունքները պետք է հարգել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը` անդրադառնալով հունվարի 7-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությանը:

«Չէ՞ որ այդ մարդիկ իրենց շաբաթաթերթում էին հրապարակում այդ ծաղրանկարները, այլ ոչ թե մտել են մզկիթ եւ այնտեղ ծաղրել: Ինքնադատաստանը բոլոր պարագաներում դատապարտելի է, եւ ահաբեկչությունը անկասկած պետք է դատապարտել: Կարելի է համաձայն չլինել որեւէ կարծիքի հետ, սակայն եվրոպացին իր կյանքի զոհողության գնով պաշտպանում է մարդու իրավունքները: Կարծում եմ, որ խոսքի ազատության ցանկացած սահմանափակում անընդունելի է եւ մերժելի, մարդն ի ծնե իրավունք ունի արտահայտել իր տեսակետը, դիրքորոշումը»,- ասաց նա:

Հմայակ Հովհաննիսյանի խոսքով` պատահական չէ,  որ այդ ահաբեկչությունը տեղի է ունեցել հենց Սուրբծննդյան օրերին:

«Եթե մենք մեկնաբանում ենք ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունները, մառնանշում ենք, որ այն հենց կազմակերպվել է Սուրբծննդյան օրերին` քրիստոնեական ամենանվիրյալ օրերին, ապա պետք է նշել նաեւ, որ եղբայրական Ֆրանսիայում տեղի ունեցածն էլ է եղել հենց այս օրերին: Պատահական չէ, որ հենց հիմա են մարդատյաց կազմակերպիչները կազմակերպեցին իրենց ստոր սպանությունները»,- նշեց նա` ավելացնելով, որ կատարված ահաբեկչությունը ուղղակի առնչություն ունի «Խալիֆաթի» վերածննդի հետ:

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին Ֆրանսիայում լույս տեսնող Charlie Hebdo շաբաթաթերթի վրա հարձակում է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է խմբագրության 12 աշխատակից, այդ թվում թերթի խմբագիրը: Հանցագործության իրագործման մեջ կասկածվում էին ալժիրյան ծագմամբ երկու ֆրանսիացի՝ Սաիդ եւ Շերիֆ Քուաշի եղբայրները, որոնք էլ հունվարի 9-ին ոչնչացվել են: