Տրիպոլիում նոր ոճրագործությունը «մարտահրավեր է Լիբանան պետությանը»: Շաբաթ այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Թամամ Սալյամը:

Ըստ նրա` «հյուսիսային մայրաքաղաքում պառակտում սերմանելու, բռնությունն ու ամբոխավարությունը վերադարձնելու փորձ է ձեռնարկվել այն բանից հետո, երբ Լիբանանի զինված ուժերը քաղաքում վերականգնել են անդորրն ու անվտանգությունը»:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, Սալյամը ցավակցություն է հայտնել  «Օմրան» սրճարանում ահաբեկչության հետեւանքով զոհվածների ընտանիքներին: Նա Տրիպոլիի բնակիչներին եւ բոլոր համաքաղաքացիներին կոչ է արել համախմբվել բանակի շուրջ: «Լիբանանի հյուսիսում հարձակումը չի նվազեցնի ահաբեկչությանը դիմակայելու կառավարության վճռականությունը»,- նշել է վարչապետը:

«Ալ Վաթանիա» ազգային տեղեկատվական գործակալության փոխանցմամբ, մահապարտ ահաբեկիչներից մեկը ներթափանցել է Ջեբել Մոհսեն թաղամասում գտնվող սրճարան, որտեղ բնակվում են ալեւիները, եւ ռումբ պայթեցրել: 

Այնուհետեւ, երբ դեպքի վայրում ամբոխ է հավաքվել, երկրորդ մահապարտն է իրեն պայթեցրել: Ըստ բժշկական աղբյուրների տվյալների, զոհվել է 9  մարդ, եւս 39-ը վիրավոր է:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել են միանգամից երկու ծայրահեղական սուննի խմբավորումներ` «Իսլամական պետությունը» եւ «Ջեբհաթ ան Նուսրան», որոնք գործում են Սիրիայի սահմանամերձ շրջաններում: