Ուղտաբուծական «Ուղտի համբույրներ» ֆերմայում արու ուղտը մահացու կոխկրտել է երկու մարդու: Դեպքը տեղի է ունեցել Թեխաս նահանգի Ուիչիտա Ֆոլս քաղաքի մոտակայքում:

Ըստ NBC News հեռուստաալիքի, 72-ամյա ագարակատեր Փեգի Մաքնեյի եւ նրա 53-ամյա օգնական Մարկ Մերեի դիակները հայտնաբերել են գիշերը: Ենթադրվում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան:

Lenta-ի փոխանցմամբ, Մերեն գիշերը փորձել է ջուր տալ կենդանիներին: Նախապես լցված ջուրը սառել է, եւ տղամարդը սկսել է դույլերով ջուր կրել: Այդ ընթացքում նա մտել է երեք ուղտերի վանդակը: 

Զուգավորման շրջանում գտնվող արուն փորձել է սմբակներով բարձրանալ մարդու ուսերին, սակայն Մերեն հրել է կենդանուն եւ փախել: Կատաղած արուն ընկել է նրա հետեւից: Ագարակի տիրուհին փորձել է օգնել աշխատողին եւ փակել  դարպասները, սակայն ուղտը ոտնատակ է տվել երկուսին էլ: