Չեխիայում ջրհեղեղների սպառնալիք կա: Երկրի արեւմուտքում եւ հյուսիսում տաքացման հետեւանքով գետերի ջրերի մակարդակը բարձրացել է:

«Առաջիկա օրերին իրավիճակը կարող է լարվել, եթե օդի ջերմաստիճանը, ակնկալիքների համաձայն, չնվազի զրոյական ցուցանիշի»,- ՏԱՍՍ-ին հայտնել են օդերեւութաբանական ծառայությունից: «Օգրժե գետում հոսանքը շրջել է հինգ մարզիկներով սպորտային փչովի մակույկը: Մարզիկներից չորսին հաջողվել է ափ դուրս գալ, փրկարական ծառայությունները եւ հրշեջները որոնում են հինգերորդին»,- նշել են օդերեւութաբանական ծառայությունում:

Օդերեւութաբանները հունվարի համար օդի ջերմաստիճանի ռեկորդային ցուցանիշներ են գրանցել: Հյուսիսային Չեխիայի Ուստի-նադ-Լաբեմ քաղաքում ջերմաստիճանի սանդղակը հասել է 16.8 աստիճանի:

Եղանակային փոփոխություններն ուղեկցվում են ուժեղ քամիներով եւ  տեղատարափ անձրեւներով: Անցյալ գիշեր փրկարարները եւ հրշեջները շուրջ 500 արտակարգ կանչ են գրանցել: Նրանք երկաթգծերը եւ մայրուղիները մաքրել են կոտրված ծառերից, տարհանել են այն շենքերի բնակիչներին, որոնց տանիքները քամիները պոկել են: