Ադրենալինի առումով զբոսաշրջային քիչ երթուղիներ կարող են համեմատվել Արցախի հետ: Աշխարհում արձակուրդի համար ամենից արկածային 10 անկյունների մասին տեսությունում այս մասին գրում է բրիտանական The Guardian-ը:
«Լեռնային այս անկլավը շրջապատված է Ադրբեջանով եւ գտնվում է Հայաստանի վերահսկողության ներքո՝ չնայած 1991 թվականին հայտարարել է անկախության մասին (հիմնականում՝ չճանաչված)»,- գրում է Guardian-ը (պարբերականը, սակայն, նախընտրել էլ չհիշատակել, թե ովքեր են Արցախի բնակիչները - խմբ.):
«Սահմանային բախումներն ու վերահսկողության համար մշտական պայքարը նշանակում են, որ այս անկյունը թույլ նյարդեր ունեցողների համար չէ, բայց ամեն դեպքում այնտեղ տեսնելու շատ բան կա. լեռնային վանքեր (Գանձասար, Ամարաս, Դադիվանք - խմբ.), հնագիտական պեղումներ (Տիգրանակերտ - խմբ.), քարանձավներ (Ազոխ - խմբ.) եւ այլ գեղեցիկ վայրեր»,- նշում է պարբերականը:
Երթուղին սպասարկող բրիտանական Regent Holidays տուրօպերատորն այն սկսում եւ ավարտում է Երեւանում: Սակայն պարբերականը զգուշացնում է, որ բրիտանական դեսպանատունը չի կարող իր քաղաքացիներին աջակցել Լեռնային Ղարաբաղում: «Այդ պատճառով միայնակ ճամփորդելուց առաջ լավ մտածեք»,- գրում է Guardian-ը:
Հետաքրքիր այլ ուղղությունների թվում պարբերականը նշում է եւս մեկ՝ լայնորեն չճանաչված միավոր. Իրաքյան Քուրդիստան, որտեղ խորհուրդ են տրվում բարձրլեռնային արշավների երթուղիները:
Որպես այլ երթուղիներ նշվում են Ջիբութիի արեւոտ լճերը, ջրվեժները, անապատները, Բիրմայի հնագույն թագավորական մայրաքաղաքները, ձիով արշավները Պիրենեյան լեռներում (Ֆրանսիա, Անդորրա, Իսպանիա), սերֆինգը Հնդկական օվկիանոսում՝ Մոզամբիկի ափերին, Նիկարագուայի մրգերի այգիներն ու սուրճի տնկադաշտերը, մոտոցիկլով արշավները Նամիբիայի անապատներում:




























