Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ հունվարի 11-ին, Փարիզում մասնակցել է ահաբեկչության եւ անհանդուրժողականության դեմ պայքարում միջազգային հանրության միասնությունը խորհրդանշող միասնության երթին՝ նվիրված Ֆրանսիայի մայրաքաղաքում հունվարի 7-9-ը իրականացված ահաբեկչությունների զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Երթին մասնակցելու նպատակով Փարիզ էին ժամանել շուրջ հինգ տասնյակ պետությունների, կառավարությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, արտգործնախարարներ։
Երթից առաջ Ելիսեյան պալատում պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Նախարար Նալբանդյանը, Ֆրանսիայի ղեկավարին փոխանցելով Հայաստանի նախագահի ցավակցությունները, հայ ժողովրդի զորակցությունն ու համերաշխությունն է հայտնել բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին եւ իշխանություններին։



























