Ադրբեջանի ղեկավարությունն առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս միլիտարիստական հայտարարությամբ եւ առաջին անգամ չէ, որ դժգոհություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից՝ մոռանալով, որ հենց իր ապակառուցողական մոտեցումների պատճառով առաջխաղացում չկա բանակցային գործընթացում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի «մեղադրանքները» Հայաստանի ու Միսնկի խմբի հասցեին, եւ հայտարարությունը, որ 2015-ին Ադրբեջանը մեծացնելու է իր ռազմական պոտենցիալը:

«Ադրբեջանի նախագահը եւս մեկ անգամ ապացուցեց, որ հավատարիմ է կացնային լկտի քաղաքականությանը, եւ դեպքերի մեծ մասում պետք է համապատասխան հակահարված ստանա»,-ասել է Շարմազանովը՝ հավելելով, որ հայ խորհրդարանականները կբարձրացնեն այդ հարցը միջազգային կառույցներում:

Նրա խոսքով՝ անթույլատրելի է, որ միջազգային կառույցները երկակի ստանդարտներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ՝ խավիարային եւ նավթադոլլարների պատճառով: «Դա մարտահրավեր է բոլոր կառույցներին, որոնք հանդես են գալիս տարածաշրջանում անվտանգության պահպանման օգտին: Ադրբեջանը եւս մեկ անգամ իր վրա է վերցրել տարածաշրջանում անկայունության պատասխանատվությունը: Նախքան մեղադրանքներ ներկայացնելը, Ադրբեջանը պետք է նայի իր վարքին Հայաստանի հետ հարաբերություններում եւ ԼՂՀ զինված ուժերի հետ շփման գծում»: