Ռուսաստանի պատկան մարմինները Հայաստանի իշխանություններին ամեն տեսակի անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերում, որպեսզի այդ ողբերգության մեղավորները ամենախիստ պատասխանատվության ենթարկվեն: Այս մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում՝ կապված Գյումրիում 6 հոգուց բաղկացած ընտանիքի անդամների սպանության փաստին:
«Հայ ժողովրդի հետ մենք ցնցված ենք Գյումրի քաղաքի խաղաղ ընտանիքի դեմ սարսափելի հանցագործությամբ: Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում զոհերի հարազատներին ու մտերիմներին: Ծանր վիրավոր երեխային շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,-ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Գյումրիում դաժան սպանության փաստով հարուցված քրեական գործով նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը: Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների դիակները՝
Ավետիսյան Սերյոժա Կարապետի
Ավետիսյան Հասմիկ Ռաֆիկի
Ավետիսյան Աիդա Սերյոժայի
Ավետիսյան Արմեն Սերյոժայի
Ավետիսյան Արաքսյա Անդրանիկի
Ավետիսյան Հասմիկ Արմենի (2 տ.)
Ընտանիքի մյուս մանկահասակ երեխան՝ 2014 թվականին ծնված Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5.45 մմ տրամաչափի պարկուճներ, 1 պահունակ՝ փամփուշտներով, զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված է եղել Պերմյակով ազգանունը։ Պարզվել է վերջինիս ինքնությունը, եւ միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Հարուցվել է քրեական գործ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ։ Կատարվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում։ Դեպքի վայր են մեկնել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ Արամ Թամազյանը եւ Վահագն Հարությունյանը։



























