ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա՝ հունվարի 12-ի հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատելու մասին» Հանրապետության նախագահի 2014թ. հոկտեմբերի 13-ի հրամանագիրը:
2014թ. հոկտեմբերին անցկացված մրցույթի արդյունքներով ամենաբարձր հանրագումարային միավորներ էին ստացել Արմեն Հարությունյանը, Արա Ղազարյանը եւ Վիգեն Քոչարյանը, սակայն սեռերի ներկայացվածության սկզբունքի ապահովման նպատակով մրցութային հանձնաժողովի որոշմամբ նրանցից առավել ցածր հանրագումարային միավոր ստացած Վիգեն Քոչարյանը փոխարինվել էր ամենաբարձր հանրագումարային միավոր ստացած իգական սեռի մասնակցով՝ Նելիկ Հարությունյանով:
Մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատվել էր Հանրապետության նախագահի հրամանագրով, ի կատարումն որի՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պետք է հաստատված ցուցակը, անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, սահմանված պահանջների եւ ընթացակարգերի պահպանմամբ, ներկայացներ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով:
Եվրոպայի խորհրդի կողմից սահմանված ընթացակարգերի շրջանակում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ստացել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի ընտրության համար թեկնածուների վերաբերյալ փորձագետների խորհրդատվական խմբի կարծիքը, որից հետեւում է, որ ցուցակում ընդգրկված տարբեր սեռերի թեկնածուները պետք է հավասարապես եւ ամբողջովին համապատասխանեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի բոլոր պահանջներին, այդ թվում՝ ճանաչված իրազեկ իրավագետ լինելու չափանիշին:
Հետեւելով Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին եւ ընդառաջ գնալով Եվրոպայի խորհրդի իրավասու մարմնի խորհրդատվական կարծիքին՝ մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով չի ներկայացվել:
Հանրապետության նախագահի կողմից այսօր ստորագրված հրամանագիրը, համաձայն գործող կարգի, առաջ է բերում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության նոր մրցույթ անցկացնելու անհրաժեշտություն:




























